Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ակադեմիական կապիտուլյացիա

Ակադեմիական կապիտուլյացիա
09.07.2026 | 20:21

(տգիտության վրեժն ու կրթության «ադրբեջանացումը»)

Մայր Բուհից՝ ԵՊՀ-ից, և այլ առաջատար համալսարաններից ազատամիտ, փորձառու և սկզբունքային դասախոսների, գիտնականների հետևողական հեռացումը ոչ թե պարզապես ներքին «աշխատանքային վեճ» է կամ չարաբաստիկ «օպտիմալացում», այլ ակադեմիական համակարգի գիտակցված, կամավոր կապիտուլյացիա՝ տգիտության, նախանձի ու քաղաքական վենդետաների առաջ։ Այս գործընթացն ընթանում է հստակ, սառնասիրտ ու կործանարար շեշտադրումներով, որոնց նպատակը մեկն է՝ բուհերը զրկել ողնաշարից և հանրությանը մատուցել դատարկ, հնազանդ ու կույր «կրթական խլյակներ»։

Բարձրագույն կրթության ոլորտում գլխավոր, անսակարկելի արժեքը միշտ էլ եղել է գիտական կշիռը, վերլուծական ազատ միտքը և ուսանողի՝ քննադատաբար մտածելու ունակության զարգացումը։ Բուհն արժեքավոր է իր անհատներով, որոնք լսարան են մտնում ոչ թե դասագիրք կարդալու, այլ միտք գեներացնելու համար։

Սակայն այսօր ականատեսն ենք որակի կանխամտածված սպանդի։ Երբ համալսարանից հետևողականորեն հեռացվում են Աբրահամ Գասպարյանի, Մենուա Սողոմոնյանի կամ Անուշ Սեդրակյանի պես վառ, սկզբունքային ու կայացած անհատականությունները, խախտվում են բնական ընտրության բոլոր օրենքները։ Նրանց թափուր տեղերը զբաղեցնում են ոչ թե առավել տաղանդավորները կամ վաստակաշատ անունները, այլ անդեմ, «գորշ ու դժգույն» և, իհարկե, իշխանահաճո ու «անվտանգ» կադրերը։ Մարդիկ, որոնց գլխավոր «առավելությունը» սեփական կարծիք չունենալն է։

Այս համակարգային աղետը բերում է բարձրագույն կրթության կատարյալ, անդառնալի դեգրադացիայի։ Տեղի ունեցողը պատահականություն չէ, այլ օրինաչափություն. տգիտությունն իրեն ապահով ու հարմարավետ է զգում միայն այն միջավայրում, որտեղ արմատախիլ է արված ու գլխատված է ազատ գիտական միտքը։

Սա՛ է ցանկացած պոպուլիստական վարչակարգի դասական ու բնորոշ դիմագիծը։

Պոպուլիզմին պետք չեն քննադատաբար մտածող, վերլուծող ու ճշմարտությունը փնտրող քաղաքացիներ. նրան պետք է հնազանդ, կույր ու հեշտ կառավարվող զանգված։ Իսկ այդպիսի զանգված կերտելու համար նախ և առաջ պետք է ամբողջությամբ ամլացնել ու տգիտության գոտու վերածել գլխավոր ակադեմիական դարբնոցները։

Երբ երկրի ու իշխանության ղեկին հանկարծ հայտնվում են մարդիկ, ովքեր չունեն կրթական, գիտական ու բարոյական համապատասխան կշիռ, նրանց ներաշխարհում բնազդաբար գլուխ է բարձրացնում նախանձի որդն ու կատաղի ատելությունը՝ էլիտար, կրթված, սկզբունքային և ինտելեկտուալ շերտի հանդեպ։

Բուհերում ընթացող այսօրվա ամոթալի զտումները հենց այդ «միջակության նախանձի» և սեփական անլիարժեքության բարդույթի ուղղակի արդյունքն են։

Նպատակաուղղված փորձ՝ համալսարանական ակադեմիական միջավայրը ծնկի բերելու և հավասարեցնելու իշխող թերուսների խղճուկ չափանիշներին, որպեսզի նրանց սեփական տգիտությունն ու սնանկությունը հանրության ֆոնին այլևս այդքան աչքի չզարնեն։

Երբ չես կարողանում հասնել բարձրին, փորձում ես բարձրը հավասարեցնել քո գետնաքարշ վիճակին։

Մայր բուհը, որը տասնամյակներ շարունակ, անգամ ամենախավար տարիներին, եղել է ազատախոսության, ըմբոստության և անկախության անառիկ միջնաբերդ, այսօր աչքներիս առաջ վերածվում է խղճուկ կուսակցական կամակատարի։

ՈՒ սա լոկ վերացական գնահատական չէ, այլ փաստագրված ողբերգություն։

Ասվածի ամենաթարմ ու խարանող հիմնավորումը ԵՊՀ դասախոս, տնտեսագետ Սահակ Մանուկյանի դեպքն է. վաստակաշատ դասախոսին համալսարանից հեռացնում են ՔՊ-ական պատգամավորուհու դստեր «մատնությամբ»։ Ասել է՝ 21-րդ դարի հայաստանյան բուհերում, «ժողովրդավարության բաստիոնի» լոզունգների տակ, պետականորեն ներդրվել է 1937 թվականի ամենաարգահատելի, ամենանողկալի՝ տեղեկատվական-մատնիչական համակարգը։ Երբ ուսանողին սովորեցնում են ոչ թե մտածել, այլ սեփական դասախոսի վրա «донос» գրել, ակադեմիական սրբավայրը վերածվում է քաղաքական սպանդանոցի։

Ո՞րն է այս ամենի վերջնական, սթափեցնող եզրահանգումը։

Օրվա իշխանության քաղաքական «բենդը» մահու չափ սարսափում է մտածող, վերլուծող և սեփական անսակարկելի կարծիքն ունեցող անհատներից։ ՈՒ դա բնական է. ստրկամիտը երբեք չի հանդուրժում ազատությունը, իսկ տգետն ատում է գիտելիքը, որովհետև դրանց ֆոնին ինքը դատարկություն է։

Կատարվածը բացահայտ, ցինիկ քաղաքական վենդետա է և գաղափարական տեռոր։ Ով չի ծառայում օրվա վարչա«բենդի» պարտվողական ու կործանարար գաղափարախոսությանը, ով հրաժարվում է դառնալ տեղեկատվական-մատնիչական համակարգի պտուտակը, պետք է ամենայն սառնասրտությամբ զրկվի ամբիոնից և ուսանողների հետ շփվելու, նոր սերնդի ողնաշարը կերտելու հնարավորությունից։

Ներկայացվածը միայն դասախոսների պատիվը չէ, այն մեր վաղվա օրվա, մեր երկրի ուղեղի ու կենսունակության գոյության կռիվն է, որտեղ պարտվելու իրավունք պարզապես չունենք։

Ինչպես թշնամու բացահայտ հրահանգով և օժանդակությամբ օրվա վարչակույտը փորձում է ներսից կազմալուծել մեր հոգևոր տունը՝ Մայր Աթոռը, այնպես էլ հետևողականորեն ու սառնասրտությամբ քանդում է մեր ինտելեկտուալ հայրենիքը։

Ողջ ասվածի ամենաթարմ, ցայտուն ու խարանող ապացույցը դարձավ հուլիսի 8-ին հանրահայտ իրավապաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանի ստացած ծանուցումը, որով Մայր բուհում նրա 23-ամյա անբասիր դասախոսական աշխատանքը սեպտեմբերի 1-ից կամայականորեն դադարեցվում է։

Ինչպես իրավացիորեն նշում է իրավապաշտպանը, այս որոշումը բացառապես պայմանավորված է իր հանրային ակտիվությամբ, քաղաքական դիրքորոշմամբ ու մասնագիտական սկզբունքայնությամբ, քանի որ նրա դասավանդման բարձր որակի ու հեղինակության վերաբերյալ որևէ նկատառում պարզապես լինել չէր կարող։

Ռուբեն Մելիքյանին ուղարկված «ծանուցումը» տգիտության բացահայտ ու կատաղի վրեժխնդրությունն է բանականությունից։ Երբ սեփական թերարժեքության բարդույթների պատճառով չես կարողանում հասնել տասնամյակների վաստակ, գիտական կշիռ ու հանրային հեղինակություն ունեցող մտավորականի մակարդակին, պարզապես փորձում ես նրան հեռացնել, արգելել, լռեցնել, որպեսզի քո սեփական տգիտությունն ու ստրկամտությունն այդքան աղաղակող չերևան։

Սակայն հաղթարշավի դուրս եկած ազգային աղետի ամենավտանգավոր, սարսափելի ու կործանարար շերտը կրթական համակարգի «ադրբեջանացումն» է։

Սա այնպիսի նողկալի մոդել է, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատությունը իսպառ դադարում է լինել գիտության, քննադատական վերլուծության ու ազատ մտքի կենտրոն։ Փոխարենը՝ այն վերածվում է ավտորիտար ռեժիմի կույր քարոզչական գործիքի՝ յուրատեսակ «Սուլթանատի» հնազանդ կրթական կցորդի, որտեղ ուսանողին սովորեցնում են ոչ թե հայրենատեր քաղաքացի լինել, այլ անդեմ ու կամազուրկ հպատակ։

Ռուբեն Մելիքյանն իրազեկման մեջ բաց տեքստով ու սահմռկեցուցիչ ճշգրտությամբ տալիս է ախտորոշումը՝ իր հանդեպ կատարվածն «ընդամենը մի փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչն է գիտա-կրթական համակարգի քաղաքական վեթինգը»։

Եվ իսկապես, ուղիղ նայենք իրականության աչքերին. Ադրբեջանում և Թուրքիայում համալսարանները կառավարվում են բացառապես մեկ անձի բռնապետական կամքով, որտեղ ցանկացած այլախոհություն ու ազատ միտք պատժվում են ակնթարթորեն, իսկ կրթության միակ նպատակը ոչ թե գիտնական ու քաղաքացի, այլ ռեժիմին հլու-հնազանդ հպատակ պատրաստելն է։

Այսօր Հայաստանի բուհերը հետևողականորեն, քայլ առ քայլ տանում են հենց այդ «ադրբեջանական» կործանարար ճանապարհով։

Պատմական ֆակուլտետների, ռազմավարական ամբիոնների կամայական լուծարումը, հայագիտության հետևողական թիրախավորումը, դպրոցական ու բուհական դասագրքերից ազգային պատմության սրբագրումն ու ստահոդ հարմարեցումը կատարվում են արտաքին թշնամու օրակարգին բացարձակ սինքրոն։

Պատահականությու՞ն է։

Ո՛չ։

Մեզնից խլում են դիմադրողականություն ու պայքարի ոգի ծնող ինտելեկտուալ հայրենիքը՝ փոխարենը ներարկելով ստրկական հնազանդություն ու կապիտուլյացիոն հոգեբանություն։

Սա միայն դասախոսների պատիվը չէ, այլ մեր վաղվա օրվա, մեր երկրի ուղեղի ու կենսունակության գոյության կռիվը, որտեղ պարտվելու իրավունք պարզապես չունե՛նք։

Բայց թող օրվա ժամանակավոր վարչա«բենդը» չկարծի, թե համալսարանական պատերից ազատ միտքն արտաքսելով՝ հասան իրենց նպատակին։

Պատմությունն անողոք օրինաչափություն ունի. տգիտության ու բռնապետության բոլոր «սուլթանատները» միշտ էլ փլուզվել են սեփական դատարկ «ծանրության» տակ։

Դուք կարող եք զրկել գիտնականին ամբիոնից, բայց չեք կարող զրկել ճշմարտությանը իր հաղթական ուժից։

Ազատ միտքը, հայրենասիրությունն ու բանականությունը հնարավոր չէ «օպտիմալացնել» կամ «վեթինգի» ենթարկել։ Նրանք միշտ գտնում են իրենց ճանապարհը, որովհետև լույսն անհնար է փակել ստրկամտության պատնեշներով։ Մայր բուհն ու հայոց ինտելեկտուալ հայրենիքը տեսել են ավելի ահեղ արհավիրքներ, բայց միշտ հառնել են՝ մերժելով օտարի ու ներսի դավաճանների օրակարգերը։

Արթնացումն անխուսափելի է։ Մենք կանգուն ենք, մեր ողնաշարն ամուր է, և այս մութ էջը նույնպես թերթվելու է՝ բացելով ազատ, կրթված ու հզոր Հայաստանի վաղվա օրը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ